15 դեկտեմբերի 2022 - 18:14 AMT
Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Լաչինի փակման հետևանքով ստեղծված վիճակը

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳՆ ղեկավար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպմանը ներկայացրել է դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակման ու գազամատակարարման խափանման հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարարը շեշտել է Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի շարունակական քաղաքականության անթույլատրելիությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր և գոհունակություն են հայտնել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ: Այս առումով կարևորվել է բարձրաստիճան մակարդակում պաշտոնական փոխայցելությունների դերը։

ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարարին ՄԱԿ Անվտանգության խորհրդում հաջողված նախագահության կապակցությամբ: Կողմերը քննարկել են միջազգային հարթակներում համագործակցությանը և փոխադարձ աջակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է ՄԱԿ կենտրոնակայանում Մահաթմա Գանդիի արձանի բացման պաշտոնական արարողությանը։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։