15 դեկտեմբերի 2022 - 18:06 AMT
Վարդանյան․ Էկոլոգիայի հարցը բարձրացնելով՝ մեզ հնարավարություն տվեցին ԱՀ սուբյեկտայնության հարցն ավելի բարձր հնչեցնել

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, խոսելով Լաչինի միջանցքի շրջափակման մասին ասել է, որ ինչքան երկար այն շարունակվի, ավելի շատ համաշխարհային կազմակերպություններ են պահանջելու Ադրբեջանից փոխել որոշումը, Արցախն էլ ավելի մեծ հնարավորություն է ունենալու բարձրացնելու օդանավակայանի հարցը, գրում է «Ազատությունը»։

Վարդանյանը շեշտել է, որ, ստեղծելով օդային կամուրջ, հնարավորություն կստեղծվի սնունդ և այլ անհրաժեշտ ապրանքներ բերել Արցախ։

Երկրի պետնախարարի խոսքով՝ Բաքուն, ի վերջո, պետք է ընդունի, որ կա մեկ տարբերակ՝ պետք է բանակցի Արցախի հետ։

«Արցախը լինելու է անկախ, իսկ բանակցության համար իմ դերը կարող է շատ կարևոր լինել։ Էկոլոգիայի հարցը բարձրացնելով, իրենք մեզ տվեցին հնարավորություն մեր սուբյեկտության հարցն ավելի բարձր բարձրացնել, մենք հիմա հնարավորություն ունենք պահանջելու, որ, որպես կողմ, պետք է ներկայացված լինենք այդ հարցի շուրք քննարկվող հարցերի լուծման ձևը գտնելու», - ասել է Արցախի պետնախարարը։

Անդրադառնալով իր անձի բացասական ընկալմանն Ադրբեջանում՝ Վարդանյանն ասել է՝ ուրախ է, որ իր գալը մեծ ազդեցություն է թողել Բաքվի վրա, շեշտել է՝ կարևոր է, որ Ադրբեջանը հասկանա՝ Արցախը մենակ չէ, ԱՀ կողքին կանգնած են մարդիկ, ովքեր ունեն հեղինակություն, կապեր և փորձ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե բանակցություններ չեն վարելու «Մոսկվայից ուղարկված Ռուբեն Վարդանյանի հետ», ով վերջերս նշանակվել է ԼՂ պետնախարար:

«Ես ուրախ եմ, որ իրենք հասկանում են, որ Արցախի հարցը չի լուծվում տենց հեշտ, ինչպես իրենք կարծում էին՝ որ կարելի է էդպես հեշտ, քայլ առ քայլ, կամաց բրդելով հարցը լուծել և ներկայացնել միջազգային հանրությանը, թե «Արցախում 15-20 հազար մարդ է ապրում, այնտեղ միայն բոևիկներ են, այնտեղ չկա բնակչություն, էդ թեմա չի, մենք էդ հարցը կլուծենք»։ Ինձ թվում է՝ իմ գալը ծանր տանելը դրա հետ է կապված, որ իմ գալով իհարկե Արցախի հարցն ավելի շատ է քննարկվում աշխարհում, ավելի շատ հետաքրքրության կա», - ասել է Վարդանյանը։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։