19 դեկտեմբերի 2022 - 10:20 AMT
8-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել դեպի Արցախ միակ ճանապարհը

Արդեն 8-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունեն:

Հաշվի առնելով ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ, հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

Դրան հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:

Քաղաքացիները կարող են զանգահարել և տեղեկացնել այն խնդիրների մասին, որոնք ծագում են իրավիճակի հետևանքով:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։