19 դեկտեմբերի 2022 - 14:59 AMT
ԱՀ ԱՆ․ 10 երեխա վերակենդանացման բաժնում է՝ 1-ի վիճակը ծայրահեղ ծանր

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

ԱՀ «Արևիկ բուժմիավորումում» 10 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրանցից 1-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Արցախի բժիշկներն անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ:

ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոնում» 11 բուժառու է ռեանիմացիայում, որից 4-ը ևս ծայրահեղ ծանր վիճակում է, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս այս պահին չկա, բայց մատակարարումը շարունակում է մնալ անհնարին:

ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։