19 դեկտեմբերի 2022 - 17:36 AMT
Զասը՝ Լաչինի մասին․ Չի կարելի մարդասիրական աղետ թույլ տալ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը,Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ժամանակ մեկնաբանելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը, ասել է, որ չի կարելի մարդասիրական աղետ թույլ տալ։

Զասին հարցրել են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հասցեին սադրանքների և ագրեսիվ գործողությունների մասին, գրում է Sputnik Արմենիան։

Ի պատասխան նա նշել է, որ առաքելությունը, որը կատարում են ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, շատ կարևոր է ամբողջ Կովկասյան տարածաշրջանի համար։ Զասի խոսքով` խաղաղապահներն այնտեղ շատ կարևոր խնդիրներ են լուծում։

«Իհարկե, պետք է նշել այն բարդ պայմանները, որոնցում պետք է լուծել այդ հարցերը` սրված իրավիճակ, Լաչինի միջանցքի արգելափակումը։ Մեր կարծիքով, շատ կարևոր է ազատ տեղաշարժի հնարավորություն տալ մարդկանց, հումանիտար բեռներին, որպեսզի հասարակ քաղաքացիները զրկանքներ և դժվարություններ չունենան, առավել ևս ինչ-որ հումանիտար աղետ չլինի»,–- ասել է Զասը։

Նա հավելել է, որ բոլոր կողմերը պետք է օգնեն և շահագրգռված լինեն խաղաղապահների գործունեությամբ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։