19 դեկտեմբերի 2022 - 18:33 AMT
ՔԿ․ Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով ունենք 224 զոհ և 3 անհետ կորած

Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224 է, անհետ կորածների թիվը՝ 3-ը: Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նրա փոխանցմամբ՝ զոհված զինծառայողների ինքնությունը պարզվել է, նույնականացման գործընթացն ավարտվել է:

«Բազմակողմանի քննություն է իրականացվում յուրաքանչյուր զոհի մահվան հանգամանքները պարզելու, գնահատական տալու համար»,- նշել է Աբրահամյանը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հայկական կողմի զոհերի թիվը 233 է։