Դեկտեմբերի 23-ին` ժամը 14:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «Ցուցասրահ մեկում» կկայանա «Գնում ենք թանգարան» մանկական ինտերակտիվ գրքի շնորհանդեսը։
Գիրքը նվիրվում է «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամի 20-ամյակին։ 2002 թվականից գործող Հիմնադրամի ջանքերով ավելի քան տասը տարի անավարտ մնացած Կասկադ համալիրը հիմնովին բարեկարգվեց և բացվեց որպես Գաֆէսճեան արվեստի կենտրոն։ Գաֆէսճեան քանդակների պարտեզում հենց այդ ժամանակ՝ 2002 թ․, տեղադրվեց աշխարհահռչակ Ֆերնանդո Բոտերոյի «Կատու» քանդակը, որը դարձավ պարտեզի առաջին «բնակիչը», իսկ այսօր էլ՝ ԳԱԿ-ի նոր նախաձեռնության՝ «Գնում ենք թանգարան» գրքի գլխավոր կերպարը։
Շնորհանդեսին կարող են մասնակցել Կենտրոնի բոլոր անդամները և կազմակերպությունները՝ նախնական գրանցմամբ։ Շնորհանդեսի օրը գործելու են հատուկ զեղչեր։
«Ամանորյա և Սուրբծննդյան տոներին ընդառաջ մեծ ոգևորությամբ հայտարարում ենք «Գնում ենք թանգարան» մանկական գրքի մասին։ Ինտերակտիվ և ուսուցողական այս գիրքը ոչ միայն կգրավի փոքրիկների, այլև նրանց ծնողների ուշադրությունը։ Գրքի նպատակն է երեխաներին մատուցել արվեստ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ներկայացված նմուշների միջոցով։ Իսկ գրքի հետաքրքրաշարժ բովանդակությունը՝ հագեցած ինտերակտիվ խաղ-առաջադրանքներով, էլ ավելի յուրօրինակ է դարձնում մեր Կենտրոնի հերթական հրատարակությունը»,- նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը։
«Գնում ենք թանգարան» գիրքը հասանելի կլինի ԳԱԿ թանգարանի խանութում և քաղաքի մի շարք գրախանութներում։