22 դեկտեմբերի 2022 - 19:20 AMT
ԱԽ քարտուղարը Սալիվանին մանրամասներ է ներկայացրել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Դեկտեմբերի 22-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցում մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ։

Զրուցակիցներն ընդգծել են իրադրության շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը և խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը, հայտնում է ԱԽ գրասենյակը։

Կողմերը բարձր են գնահատել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան և կարևորել դրա շարունակականությունը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։