23 դեկտեմբերի 2022 - 10:43 AMT
Լավրովն ու Բայրամովը կբանակցեն առանց Միրզոյանի

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում տեղի կունենան ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Նշվում է, որ հանդիպման մասին որևէ լրացուցիչ տեղեկատվություն չի հաղորդվել։

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված է եղել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, սակայն դեկտեմբերի 22-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հայկական կողմը հրաժարվել է բանակցություններից։

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ասել էր, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:

«Հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր մոտ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը»,-ասել էր նա։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։