Իսպանիայի կոնգրեսը կոչ է արել Ադրբեջանին ապահովել տեղաշարժի ազատությունը Լաչինի միջանցքով։ Կառույցը դեկտեմբերի 22-ի լիագումար նիստում միաձայն ընդունել է հայտարարություն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանատունը։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Արդեն 11 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի միակ ցամաքային կապը։ Միևնույն ժամանակ, դադարեցվել է այս տարածք գազամատակարարումը, իրավիճակ, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի և լարվածության աճ է գրանցել տարածաշրջանում։ Այս պատճառով և Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշմանը համահունչ՝ Պատգամավորների Կոնգրեսը.
-Անհանգստությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր իրադարձություններին:
-Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովելու միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան։ Ազատ տեղաշարժի սահմանափակումները մեծ տառապանք են պատճառում բնակչությանը և կարող են ստեղծել հումանիտար ճգնաժամ։
-Կոչ է անում կողմերին լուծելու և հարթելու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով:
-Հորդորում է միջազգային կառույցներին կանխելու տարածաշրջանում նոր հումանիտար ճգնաժամը»։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։