Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրին միացած թանգարանները, թատրոնները և համերգային կազմակերպություններն աշակերտներին շարունակելու են ընդունել 2022-ի տոմսերով մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը:
2023-ի համար նախատեսված տոմսերի տրամադրման վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Ծրագիրը նախատեսված է պետական դպրոցների 1-12-րդ դասարանցիների և նրանց ուղեկցող ուսուցիչների համար (յուրաքանչյուր 10 աշակերտի համար՝ մեկ ուսուցիչ):
Ծրագրից օգտվելու նախապայմաններն են. յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի մեկ անգամ անվճար այցելելու մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ:
Մուտքի տոմսը բաղկացած է երեք մասից՝ համապատասխանաբար ներկայացնելով թանգարան, թատրոն և համերգասրահ բաժինները: Մշակութային հաստատության ընտրությունը կատարում են աշակերտները, խմբային այցելությունների դեպքում՝ առաջնորդվում ուսուցչի առաջարկությամբ:
Այցելությունները պետք է նախապես ամրագրվեն և համաձայնեցվեն մշակութային կազմակերպությունների հետ:
Թատերական և համերգային կազմակերպությունն իրավունք ունի սահմանելու և առաջարկելու համապատասխան քանակությամբ տեղեր: Թանգարաններում բաժանորդային տոմսն ապահովում է միայն ընդհանուր ցուցադրության մուտքը. ուղեկցությամբ շրջայցերը վճարովի են և պետք է նախապես համաձայնեցվեն թանգարանի հետ:
Բաժանորդային համակարգը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին, անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցելու իր համայնքի կամ ՀՀ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը:
Ծրագիրը երաշխավորում է դպրոցահասակների մշակութային կրթության իրավունքի իրացման նվազագույն հնարավորությունը՝ միաժամանակ մշակութային հաստատություններին ընձեռելով նոր այցելուներ ունենալու և մշակութային այլ օջախների հետ հավասար պայմաններում մրցակցելու հնարավորություն: