23 դեկտեմբերի 2022 - 17:08 AMT
Լավրով․ ՌԴ-ն չի հանել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հարցը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ ՌԴ-ն չի հանում օրակարգից ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հարցը, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրաժարավել է գալ խորհրդակցությունների։

«Ես կարծում եմ, որ հանդիպումը շատ ու շատ օգտակար կլիներ։ Մենք ունենք ընդհանուր ընկալում, որ չենք հանում օրակարգից նաև եռակողմ շփումները մեր հայ գործընկերոջ հետ և հաստատել ենք պատրաստակամությունը՝ ընդունելու մեր բարեկամներին Մոսկվայում»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Լավրովը հավելել է, որ խաղաղության պայմանագրի թեման մշտական ուշադրություն է պահանջում՝ «որքան հաճախ մենք նպաստենք բանակցային գործընթացի առաջմղմանը, այնքան շուտ կլուծվեն բոլոր այն հարցերը, որոնք հիմա մտահոգություն են առաջացնում հողի վրա»։

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված է եղել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, սակայն դեկտեմբերի 22-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հայկական կողմը հրաժարվել է բանակցություններից։ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ասել էր, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:

«Հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր մոտ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը»,-ասել էր նա։