27 դեկտեմբերի 2022 - 10:48 AMT
Գրիգորյան․ Դժվար է շարունակել բանակցել ճգնաժամի և սպառնալիքների պայմաններում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Մոսկվա չմեկնելու պատճառներին, ասել է, որ հայկական կողմը չի մասնակցել հանդիպմանը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի պատճառով։

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված է եղել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, սակայն դեկտեմբերի 22-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հայկական կողմը հրաժարվել է բանակցություններից։ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ասել էր, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:

Գրիգորյանը նշել է, որ վերջին 2 տարում, 44-օրյա պատերամից հետո ընթացող բանակցություններում, հայկական կողմը միշտ էլ կառուցողական է եղել, սակայն «դժվար է շարունակել բանակցությունները ճգնաժամի և սպառնալիքների պայմաններում»։

Նա հավելել է, որ Հայաստանն այնպիսի քայլ չի արել, որով հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ կարող է ստեղծվել։

«Լայնածավալ աշխատանքի անհրաժեշտություն կա․ Մեր ամբողջ քաղաքական թիմը և արտաքին քաղաքականության համար հատուկ պատասխանատուները զբաղվում են Լաչինում ստեղծված ճգնաժամի հանգուցալուծելով։ Մենք գնահատել ենք իրավիճակն ու հասկացել ենք, որ լավագույն տարբերակը սա է մեր քայլերը համակարգելու համար»,– ասել է ԱԽ քարտուղարը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Photo. Getty Images