27 դեկտեմբերի 2022 - 11:40 AMT
Տոնոյանի պաշտպանները կրկին կդիմեն դատարան խափանման միջոցի փոփոխման հարցով

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարել է, որ կրկին դիմելու է դատարանին խափանման միջոցի փոփոխության նպատակով:

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի և երեք ամիս անց միայն պաշտպանական կողմին հնարավորություն ընձեռնվեց 3 դատական նիստերի ընթացքում հրապարակել և հետազոտել մեղադրանքն ամբողջապես հերքող փաստական տվյալներն ու ապացույցները, մասնավորապես՝ հիմնավորել հրթիռների ձեռքբերման անհրաժեշտությունն ու օրինականությունը, մեղադրվող պաշտոնյաների՝ իրենց լիազորությունների սահմաններում կատարված գործողությունների իրավաչափությունը, խնդրո առարկա հրթիռների տեխնիկական նորմերին, պահանջներին և պահպանման ժամկետներին համապատասխանությունը, ինչպես նաև նախաքննության ընթացքում կատարված ապօրինությունները, անճշտությունները և ուղղորդված շտապողականության փաստերը:

Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ պաշտպանական կողմը միջնորդությամբ կրկին դիմելու է դատարանին խափանման միջոցի փոփոխության նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավորվել է հրթիռների գործով՝ 2.3 մլրադ դրամ հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեղադրանքով։