27 դեկտեմբերի 2022 - 17:51 AMT
Վարդանյանը պարենային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր է քննարկել

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը պարենային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր է քննարկել առաքող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

Նա տեղեկացել է Ադբրեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում նրանց խնդիրների մասին։

Խորհրդակցության մասնակիցները պետնախարարին հավաստիացրել են, որ շրջափակման իրավիճակում իրենց համար առաջնային է հանրային ու պետական շահը, և պատրաստակամություն հայտնել կառավարության հետ համակարգված աշխատել՝ ճգնաժամին միասնաբար դիմակայելու համար:

Գործարարներն առաջարկել են նաև անհրաժեշտության դեպքում դիտարկել իրենց տնօրինության տակ գտնվող ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունը՝ առկա պաշարները պահպանելու և համաչափ բաշխելու հարցում:

Ռուբեն Վարդանյանը ողջունելի է համարել նրանց մոտեցումն ու դիրքորոշումը՝ ընդգծելով այս բարդ իրավիճակում առկա խնդիրների քննարկման և համատեղ լուծումներ գտնելու կարևորությունը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

16-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է. սննդամթերքի, դեղորայքի, բենզինի, առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ է: Մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ ստիպված են դադարեցրել են իրենց աշխատանքը: Այս կես ամսում Արցախ է մտել ընդամենը 10 տոննա հումանիտար բեռ՝ Կարմիր խաչի միջնորդությամբ մանկական սնունդ, դեղորայք, բուժպարագաներ, որ պետք է բաշխվի հիվանդանոցներին: Արցախից ասում են՝ 10 օրվա պաշար է։