29 դեկտեմբերի 2022 - 10:50 AMT
Փաշինյան․ Շատ լուրջ և գոյաբանական մարտահրավերների առաջ ենք կանգնած

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամանորի և Սուրբ ծնունդի առթիվ Կենտրոնական բանկում կազմակերպված ընդունելությանն ասել է, որ շատ լուրջ և գոյաբանական մարտահրավերների առաջ ենքկանգնած, և բոլոր ինստիտուտների արդյունավետության բարձրացումը պետք է դառնա դրանց հաղթահարման գործիք։

Խոսելով ֆինանսական, բանկային համակարգի արդյունքների մասին՝ նա ասել է, որ կարելի է արձանագրել` աննախադեպ տարի էր. բոլոր ցուցանիշներով աճերն այնպիսին են, որոնք կարելի է բնութագրել մեկ բառով՝ աննախադեպ Երրորդ հանրապետության պատմության մեջ:

«Կենտրոնական բանկի նախագահն անդրադարձավ գնաճի հետ կապված մեր այն մտավախություններին, որ ունեինք մարտ-ապրիլ-մայիս ամիսներին: Բայց տարվա ավարտին մենք նաև, ի վերջո, արձանագրեցինք, որ միջին աշխատավարձն աճել է գնաճից 3 անգամ ավելի: Այսինքն՝ սա, պարզ է, որ ոչ բոլոր դեպքերում է հենց հասցեական դա նշանակում, բայց մակրոգնահատականի առումով, կարծում եմ, շատ պարզ և տեսանելի ցուցանիշ է»,-ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ այսօրվա դրությամբ բանկային համակարգի ավանդային պորտֆելը 5 տրիլիոնի է հասնում, ինչը շատ լուրջ ցուցանիշ է:

«Բոլոր համակարգերը, բոլոր ինստիտուտները երկրում պետք է կայանան, ավելի ու ավելի հաջողակ ու գործունակ դառնան, և բոլոր ինստիտուտների արդյունավետության մեծացման կուլմինացիան է, որ պետք է դառնա ամենակարևոր մարտահրավերների հաղթահարման մեխանիզմ ու գործիք»,-ասել է նա։