29 դեկտեմբերի 2022 - 15:46 AMT
Պոլիկլինիկաների աշխատաժամերը կփոխվեն՝ 8:00-ից կսկսեն

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախարարությունը պացիենտների հարմարավետության համար մտադիր է ավելացնել բուժհաստատությունների աշխատաժամանակը։

«Այս պահին 9 աշխատանքային ժամ է՝ 9:00-ից 18:00-ն: Վերջնական որոշում դեռ չկա, բայց նախատեսում ենք փոխել ժամերը, որպեսզի աշխատող հիվանդները 8:00-ից կարողանան այցելել պոլիկլինիկա: Նախատեսում ենք բուժհաստատությունների աշխատանքային օրը սահմանել ժամը 8:00-ից մինչև 19:00-ն»,- ասել է նա, գրում է «Նովոստի-Արմենիան»։

Նա պարզաբանել է, որ բժիշկների աշխատանքային ժամերը օրական 6 ժամ 36 րոպե են, և այդ ժամերը չեն փոխվի։

«Այս պահին նրանք բուժհաստատությունում աշխատում են 4․5 ժամ, հետո գնում են կանչերի: Փոփոխություններից հետո կանչերից մեկ ժամը հատկացվելու է բուժհաստատությունում հիվանդներին ընդունելուն»,- ասել է նա։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում է ներդնել «հեռահար» բժշկություն, որը կապահովի բժիշկների և հիվանդների օպերատիվ շփումը ձայնային հաղորդագրությունների և տեսազանգերի միջոցով։