Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր հայ պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ (ԺԴԿ-HDP) Կարո Փայլանն անդրադարձել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի հարցին:
Նա կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի արգելափակումը դադարեցնելու հարցում», գրում է Ermenihaber-ը։
«Կովկասում խաղաղության և հանգստության հաստատումը, բախումների և լարվածության կանխումը նաև Թուրքիայի օգտին է։ Եթե Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ բոլորս միասին պատասխանատվություն ստանձնենք, ապա թե Ադրբեջան - Հայաստան խաղաղության գործընթացում, և թե Թուրքիա - Հայաստան կարգավորման գործընթացում կարող ենք վերադառնալ դրական օրակարգի»,- նշել է նա։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։