30 դեկտեմբերի 2022 - 13:07 AMT
ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից ևս 3 հիվանդ է տեղափոխվել ՀՀ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից ևս 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստան, հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

Նշվում է, որ «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 3 հիվանդ՝ «Սրտի փականային հիվանդություն, միտրալ և աորտալ փականների արտահայտված անբավարարություն», «Սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի ֆիբրիլյացիա՝ պարոքսիզմալ ձև» և «Ձախ կրծքագեղձի ինվազիվ ոչ յուրահատուկ կարցինոմա, էնդոմետրիոզ, արգանդի պարանոցի քաղցկեղ» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին Արցախի բժիշկների հսկողության տակ։

Հիվանդները տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Photo. TASS