5 հունվարի 2023 - 13:44 AMT
Փաշինյան․ Ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում` ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ ՌԴ-ից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության 2023-ի առաջին նիստում, նշելով, որ արդեն 25 օր է շարունակվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, հայտարարել է, որ ավելի առարկայական քայլեր է ակնկալում միջազգային հանրությունից՝ այդ թվում ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ ՌԴ-ից, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է ԼՂ-ում և Լաչինի միջանքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

Վարչապետը հավելել է, որ Լաչինի միջանքը փակելով, Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ․ եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում Բաքվի կողմից պայմանագրային պարտավորությունները պահպանելու վերաբերյալ։

«Ադրբեջանը փորձում է ՀՀ-ին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է։ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց, իմ համոզմամբ, ամենախորը և իրական պատճառն այն է, որ ԼՂ հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում, իսկ միջազգային հանրությունը սկսել է ավելի հստակ արձանագրել ԼՂ հայությանը էթնիկ զտումների և ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը»,-ասել է Փաշինյանը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։