7 հունվարի 2023 - 10:46 AMT
Ադրբեջանցիները հրետակոծել են Սյունիքում գտնվող «Ա․Ա․Բ Պրոյեկտ» ընկերության ասֆալտի գործարանը

Հունվարի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանցիները հրետակոծել են Սյունիքի մարզի Նորավան բնակավայրում գտնվող «Ա․Ա․Բ Պրոյեկտ» ՍՊ ընկերության պատկանող ասֆալտի գործարանը։

Հրետակոծության հետևանքով հոսանքազրկվել է գործարանը, սարքավորումներն են վնասվել, խափանվել է արտադրական գործընթացի ծրագրային ցիկլը, հայտնում է Aravоt.am-ը։

Հրետակոծության ժամանակ գործարանը չի աշխատել, միայն պահակն էր այնտեղ։ Վերջինս չի տուժել։

Ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինարարական աշխատանքներով, միայն 2022 թվականին կառուցել 1160 կմ ճանապարհ։ Ընկերությունն այս պահին կառուցում է ռազմավարական նշանակություն ունեցող ` Լծեն-Շամբ, Տաթև-Լծեն, Արցախ-Կոռնիձոր ճանապարհները։ Բնականաբար, ըստ ընկերության պատասխանատուների՝ դեպքի հետևանքով կդժվարանան իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքները։ Մի քանի օր է անհրաժեշտ, որպեսզի գործարանի աշխատանքը վերականգնվի։