9 հունվարի 2023 - 10:37 AMT
Վարդանյան․ Ունևոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իր կապերը

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, խոսելով ԱՀ շրջափակամն ծանր հետևանքների մասին, ասել է, որ մարդկանց 90 տոկոսը հանգիստ, ուժեղ դրսևորելով իրենց, տանում է առաջացած խնդիրները, սակայն եղել են նաև անընդունելի դեպքեր։

«Օրինակ, ունևոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իր կապերը։ Դա մեծ արձագանք է ստացել։ Ես դա չեմ ընդունում։ Չեմ ընդունում, որ մարդ մի քանի տոննա բենզին փոխանակում է միայն իր ընտանիքին պետքական այլ բաների հետ՝ այն դեպքում, երբ շտապ օգնության մեքենարը, գուցե, վառելիքի խնդիր ունենան շուտով։ Չեմ ընդունում այն խանութների տերերին, որոնք պահում են ապրանքը և իրենց բարեկամներին ու ծանոթներին են տալիս։ Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր տասնյակ լիտրերով ձեթ են գնում։ Ինչ ունենք, պետք է կիսենք իրար հետ։ Բոլորս ենք բլոկադայի մեջ»,- ասել է Վարդանյանը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։