18 ապրիլի 2009 - 22:21 AMT
«Արարատն» անընդմեջ չորրորդ պարտությունն է կրել Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում
Այսօր կայացել են Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն լիգայի առաջնության չորրորդ փուլի առաջին երեք հանդիպումները: Երկրի փոխչեմպիոն «Արարատը» կրկին պարտություն է կրել, այս անգամ երկրի չեմպիոն «Փյունիկից»` 0:2 հաշվով: Հաշիվը բացվել է առաջին խաղակեսի 15-րդ րոպեին. առանձնացել է «Փյունիկի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, եզրափակիչ գոլը 76-րդ րոպեին խփել է Միհրան Մինասյանը:

Հայաստանի առաջնության չորս փուլերում սա «Արարատի» չորրորդ պարտությունն է: «Փյունիկն», իր հերթին, չորրորդ հաղթանակն է տարել եւ 12 միավորով միանձնյա գլխավորել է Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Նշենք, որ «Արարատի» հերթական պարտությունից հետո, որն 9-րդն է 2009 թվականին, հավանական է փոխչեմպիոնի գլխավոր մարզիչ Աշոտ Կիրակոսյանի պաշտոնաթողությունը: Գլխավոր մարզիչի պաշտոնի հիմնական թեկնածուն Արկադի Անդրեասյանն է, որի թեկնածությունն արդեն դրված է ակումբի ղեկավարության քննարկմանը:

4-րդ փուլի մյուս երկու խաղում «Ուլիսը» սեփական դաշտում հաղթանակ է տարել Գյումրիի «Շիրակի» հանդեպ, իսկ «Կիլիկիան» չորրորդ անգամ պարտության է մատնել Կապանի «Գանձասարին»:

Շիրակի «Միկայի» եւ Երեւանի «Բանանցի» միջեւ չորրորդ փուլի վերջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 19-ին:

Հայաստանի առաջնության չորրորդ փուլի արդյունքներն են.

«Արարատ»-«Փյունիկ»-2:0
Գոլեր. Արթուր Եդիգարյան-15-րդ րոպեին, Միհրան Մինասյան- 76-րդ րոպեին

«Ուլիս»- «Շիրակ»-3:0
Գոլեր. Արթուր Քոչարյան-25,57 Սեմյոն Մուրադյան-58

«Կիլիկիա»-«Գանձասար»-2:1
Գոլեր. Կարեն Խաչատրյան-41, Տիգրան Ղարաբաղցյան-74(Կիլիկիա), Արսեն Ավետիսյան-41(Գանձասար)

Մրցախաղային դրությունը չորս փուլից հետո.

1. Փյունիկ-12 միավոր
2. Ուլիս-9
3. Միկա-9
4. Բանանց-6
5. Կիլիկիա-6
6. Շիրակ -3
7. Արարատ-0
8. Գանձասար-0