9 հունվարի 2023 - 14:48 AMT
Դպրոցներում և մանկապարտեզներում կսահմանվի «համաճարակային ֆիլտր»

Դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կսահմանվի «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար։

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը` վերջին օրերի սուր շնչառական վարակների և գրիպի աճի վերաբերյալ, մասնավորապես 0-18 տարեկան երեխաների շրջանում նշված հիվանդության աճի կանխարգելման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին` առաջարկելով իրենց ենթակա հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ:

«Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, առաջարկվում է դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել «համաճարակային ֆիլտր»՝»,- ասվում է Առողջապահության նախարարության գրության մեջ, որը շրջաբերականին կից առաքվել է մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան:

Նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին:

Հակահամաճարակային միջոցառումները դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կիրակականացվեն հունվարի 9-ից:

3-12-րդ դասարանների աշակերտների ձմեռային արձակուրդն ավարտվել է և հունվարի 9-ից նրանք հաճախում են դպրոց, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների արձակուրդը կշարունակվի մինչև հունվարի 22-ը ներառյալ: