9 հունվարի 2023 - 15:32 AMT
ԱՄՆ դեսպանատուն. Լաչինի արգելափակումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին

Պաշտոնական Վաշինգտոնի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի արգելափակումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին և խաթարում միջազգային վստահությունը: Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ Միացյալ Նահանգները շարունակում է «մտահոգված լինել Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ», տեղեկացնում է «Ազատությունը»։

«Մենք կոչ ենք անում լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Բոլոր հարցերում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են»,- հայտնել են դեսպանատնից։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն որևէ քայլ ձեռնարկում է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի ուղղությամբ, հնարավո՞ր է հումանիտար օգնության տրամադրում Արցախին, դեսպանատանից պատասխանել են. «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն արձագանքում է Հայաստանում գտնվող տեղահանված անձանց կարիքներին՝ ՀՀ կառավարության պահանջներին համահունչ»։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։