9 հունվարի 2023 - 19:07 AMT
ՀՀ-ում մեկնարկել է ձմեռային զորակոչը

Հունվարի 9-ին ՀՀ-ում մեկնարկել է ձմեռային զորակոչը։ Զորակոչի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։

Զորակոչի գործընթացի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են զորակոչիկների դիմավորման և ընդունման, բուժզննման, ինչպես նաև վիճակահանության կազմակերպման ընթացքը:

Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տվել հանձնարարականներ՝ զորակոչի ամբողջ գործընթացն արդյունավետ և պատշաճ անցկացնելու համար։

Պաշտպանության նախարարը զրուցել է նաև ծառայության մեկնող երիտասարդների հետ և մաղթել բարի ծառայություն: