9 հունվարի 2023 - 19:08 AMT
Շրջափակման ընթացքում Արցախում 110 երեխա է ծնվել

Շրջափակման օրերին Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 110 երեխա:

2022 թվականի ընթացքում Արցախում ծնվել է 1623 երեխա, որից 15-ը՝ զույգ: Եվս 43 արցախցի երեխա ծնվել է ՀՀ բուժհաստատություններում, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ԱՀ առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 17 երեխա, որից 16-ը՝ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում, 1-ը՝ «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում:

2023 թվականի հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ բուժհաստատություններում ծնվել է 43 երեխա:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։