10 հունվարի 2023 - 10:49 AMT
Գուտերեշը կոչ է արել ապահովել Լաչինով ազատ և անվտանգ տեղաշարժը

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վերահաստատել է իր կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Այս մասին Արմենպրեսին է ասել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը ներկա իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ի իր հայտարարության մեջ։ Այս մտահոգությունները Քարտուղարության կողմից բարձրաձայնվել են նաև 2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի հայցով հրավիրված Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր կոչերը՝ դեէսկալացիայի ենթարկել լարվածությունը և ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների, նա իր աջակցությունն է հայտնում միջնորդական ջանքերին»,- նշել է Դյուժարիկը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արդեն չորս շաբաթ փակ պահելու փաստին, ինչի հետևանքով իրական հումանիտար ճգնաժամ է սկսվել Արցախում, որտեղ շուրջ 120 հազար բնակիչներ հայտնվել են շրջափակման մեջ։

«ՄԱԿ-ի ներկայացուցչությունները Հայաստանում և Ադրբեջանում շարունակում են տեղում բաց պահել կապն իշխանությունների և միջազգային կազմակերպությունների հետ ու պատրաստ են արձագանքել, եթե լինի դիմում և թույլ տան պայմանները»,- հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։