10 հունվարի 2023 - 14:46 AMT
Արցախում հովհարային անջատումներ են սկսվել

Արցախում էլեկտրականության հովհարային անջատումներ են սկսվել: Հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում, հայտնում է «Արցախ Էներգոն»։

Նշվում է, որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։

Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ, որոնց մասին պարբերաբար կարելի է տեղեկանալ «Արցախէներգո» ՓԲԸ կայքից և ֆեյսբուքյան էջից, ինչպես նաև հանրային հեռուստատեսության և ռադիոյի հայտարարություններից։

«Հավանական լրացուցիչ անջատումներից խուսափելու նպատակով, խնդրում ենք հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիա»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։