10 հունվարի 2023 - 14:57 AMT
Պեսկով․ ՀԱՊԿ-ը կպարզի ՀՀ դիրքորոշման մանրամասները, ամեն դեպքում ՀՀ-ն մեր շատ մերձավոր դաշնակիցն է

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ 2023-ին ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժություններ չեն անցկացվի, նշել է, որ ՀԱՊԿ-ը կպարզի հայկական կողմի դիրքորոշման մանրամասները։

Նա ասել է, որ ամեն դեպքում ՀՀ-ն Ռուսաստանի շատ մերձավոր դաշնակիցն է, և որ Մոսկվան կշարունակի երկխոսությունը Երևանի հետ բարդ հարցերի շուրջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Սա բավականին նոր հայտարարություն է ՀՀ վարչապետի կողմից, կարծում եմ՝ ՀԱՊԿ գծով գործընկերները կապի մեջ կլինեն, կպարզեն ՀՀ դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մերձավոր դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերը, որոնք հիմա շատ բարդ են»,- ասել է Պեսկովը։

Փաշինյանը հունվարի 10-ի ասուլիսում, անդրադառնալով ՌԴ ՊՆ-ն հայտարարությանը, որ ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժությունները 2023-ին կանցկացվեն ՀՀ-ում, հայտարարել է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղապահների զորավարժություններ տեղի չեն ունենա, և որ ՊՆ ղեկավարն արդեն տեղեկացրել է ՀԱՊԿ միավորված շտաբին, որ հայկական կողմը ՀՀ-ում նման զորավարժություններ անցկանցնելը նպատակահարմար չի համարում, համենայնդեպս` այս տարի։

Photo. Reuters