10 հունվարի 2023 - 15:31 AMT
Վարչապետ․ Եկել ենք հետևության, որ Ադրբեջանը երբեք չի ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասուլիսում նշելով, որ անվտանգային ոլորտում ունենք շատ լուրջ պրոբլեմներ, ասել է, որ եկել են այն հետևության, որ Ադրբեջանը երբեք չի ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը, հակառակը՝ Ադրբեջանը նոր տարածքային նկրտումներ է ի ցույց բերելու:

«Ամեն ինչ անում ենք այդ պրոբլեմները լուծելու համար։ Դա ակնհայտ է այն թվերից, որ կարող եք տեսնել ՀՀ պետական բյուջեում», - ասել է նա:

Նա նշել է, որ տարածաշրջանի խաղաղության համար ՀՀ ԶՈւ մարտունակությունը շատ կարևոր է, առանց մարտունակ բանակի խաղաղություն հնարավոր չէ, բայց միայն մարտունակ բանակով էլ խաղաղություն հնարավոր չէ:

Խոսելով մինչև 2022-ի ավարտն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու խոսակցությունների մասին՝ Փաշինյանը նշել է, որ ասել է՝ պատրաստ է ստորագրել և որ հայկական կողմն ամեն ջանք կգործադրի այն ստորագրելու համարւ։

Նա ասել է, որ կարմիր գիծը, որի դեպքում կհրաժարվի ստորագրել խաղաղության պայմանագիրը, այն է, եթե այդ տեքստը չհամապատասխանի ՀՀ պետական շահերին։

Ըստ նրա՝ հարաբերություններ կարգավորելը և խաղաղություն հաստատելը կարող է տեղի ունենալ մի քանի հենքերի վրա, մասնավորապես, փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու։

«Երբ հարց է հնչում, թե արդյո՞ք Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, առաջին պատասխանն «այո»-ն է՝ և Ադրբեջանը, և Հայաստանն ասում են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հետո հնչում է երկրորդ հարցը՝ ի՞նչ նկատի ունի Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով, ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով։ Այս հարցերի պատասխաններից է կախված մեր ապագան»,- նշել է նա։