Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Մարչին Վիդրայի գլխավորությամբ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում` հատկապես կարևորելով դիտորդական առաքելությունների դերը, և հայտնել է պաշտպանության նախարարության պատրաստակամությունը շարունակելու բոլոր միջոցներով աջակցել ԵՄ նոր դիտորդական առաքելությանը:
Պապիկյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Դրա ընթացքում ամփոփվել է 2022թ. դեկտեմբերին 19-ին ավարտված առաքելության գործունեությունը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են դրա ընթացքում առաքելության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցությունը` հույս հայտնելով, որ այն արդյունավետ կշարունակվի նաև նոր առաքելության գործունեության ընթացքում:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։