10 հունվարի 2023 - 18:56 AMT
Ալիև․ «Զանգեզուրի միջանցքը» գործարկվելու է, Հայաստանն ուզի, թե չուզի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 10-ին մի քանի լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը պատմական անհրաժեշտություն է, և Հայաստանն ուզի թե չուզի, իրականացնելու է այն:

«Զանգեզուրի միջանցքով» հաղորդակցությունը մեզ համար ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունի։ Լիովին վստահ ենք, որ դրա իրագործումը մեր բնական իրավունքն է»,-ասել է նա, գրում է CivilNet-ը։

Ըստ Ալիևի, միջանցքի իրագործումը նախատեսված է 2020-ի եռակողմ հայտարարությամբ։

«Ճիշտ է, «Զանգեզուրի միջանցք» եզրույթ չկա, մենք հետո այդ տերմինը ներմուծեցինք, սակայն այն հստակ ցույց է տալիս՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև հաղորդակցություն պետք է լինի։ Հայաստանը պետք է հաստատի այն, դա անխաուսափելի է, ուշ, թե շուտ կյանքի է կոչվելու։ Հայաստանը փաստացի չի իրագործում իր ստանձնած պարտավորությունները, սակայն դա մեզ չի կանգնեցնելու։ Միջանցքը ոչ միայն մեր, այլև մի շարք հարևան պետությունների և տարածաշրջանի համար է»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ միջանցքի մասին հայտարարությունները Հայաստանում որպես նոր վտանգ ընկալվեցին, «այնինչ, նման մտադրություն չկար»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ի իր ասուլիսում չի բացառել, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է՝ «Զանգեզուրի միջանցքի» իր ակնկալիքները բավարարելու նկրտումով։ «Չենք կարող բացառել, բայց դա մեր վերաբերմունքը չի փոխում»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի գոյությունը բացառվում է, միջանցքի խոստում Ադրբեջանին չի տրվել։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։