11 հունվարի 2023 - 10:49 AMT
Ադրբեջանի նախագահ․ 2025-ին ավարտվում է ռուս խաղաղապահ առաքելության ժամկետը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 10-ի ասուլիսում հայտարարել է, որ 2025-ին ավարտվում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը։

Նա նաև ասել է, թե 2023-ը վերջին շանսն է Հայաստանի համար խաղաղության պայմանագիր կնքելու, քանի որ «հետո գալու է 2024-ը, իսկ 2025-ին ավարտվելու է ռուսական խաղաղապահների առաքելությունը՝ հայերը պետք է իրենց քթից մի քիչ այն կողմ տեսնեն», հայտնում է Haqqin.az-ը։

Ալիևն ադրբեջանական դիվանագիտության հաջողություն է համարել այն, որ «ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»՝ նշելով հղումը տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և Ալամաթիի հռչակագրին Պրահայի հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ։

«Դա վկայում է այն մասին, որ հայերը ճանաչում են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Այո, սա մեր հաջողությունն էր, քանի որ Հայաստանը վերջապես պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-ասել է Ալիևը։

Նա ասել է, թե ԼՂ այն հայերի համար, որոնք չեն ընդունի Ադրբեջանի քաղաքացիությունը, «Լաչինի միջանցքը բաց է, կարող են հեռանալ»։

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ռուս խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է 5 տարով։ Եթե կողմերից որևէ մեկը այդ ժամկետի ավարտից կես տարի առաջ հայտարարի առաքելությունն ավարտելու մտադրության մասին, այն չի երկարաձգվի։

Photo. Ria Novosti