11 հունվարի 2023 - 13:46 AMT
Մալթայի Ուխտի ղեկավար․ Պետք է անենք ամենը` ապահովելու ՀՀ և ԼՂ միջև տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

Մալթայի Ուխտի ղեկավար, Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջոն Դանլեփը, անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին, ասել է, որ պետք է անել ամեն ինչ` ապահովելու ՀՀ և Լեռնային Ղարաբաղի միջև տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։

Նա այդ մասին խոսել է հունվարի 10-ին՝ ելույթ ունենալով Մալթայի Ինքնիշխան Ուխտում հավատարմագրված դեսպանների հետ տարեկան հանդիպմանը, հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը։

«․․․ Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակով և պետք է անենք ամեն ինչ` ապահովելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տեղաշարժի ազատությունը և անվտանգությունը։ Մալթայի Ուխտը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին աշխատելու վեճերի խաղաղ կարգավորման ուղղությամբ»,-ասել է նա։

Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև երկկողմ հարաբերությունները հաստատվել են 1998-ին և դրանք պայմանավորված են վերջինիս որպես ապաքաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցի առանձնահատկություններով: Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը համատեղության կարգով նշանակված է նաև Մալթայի Ուխտում (պաշտոնական անվանումը՝ Երուսաղեմի Սրբ․ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտ) արտակարգ և լիազոր դեսպան։