11 հունվարի 2023 - 15:08 AMT
Փոխնախարար․ ՊՆ-ն ամեն ինչ անում է, որ հնարավոր ագրեսիայի դեպքում կարողանանք դիմակայել

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ՀՀՊՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավոր ագրեսիայի դեպքում դիմակայենք և կարողանանք խնդիրներ լուծել։

«Տարածաշրջանում այսօր էլ լարվածության աճ կա, ինչպես նաև կա լարվածության աճի միտում։ Վերջին շրջանում մենք չենք ունեցել մեկ օր, որ ընդհանուր լարվածության ֆոնը պահպանված չլինի, և այդ առումով կանխատեսումներ անելը տեղին չէ»,–ասել է Սարգսյանը, գրում է Sputnik Արմենիան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ի ասուլիսում ասել էր, որ այն հայտարարությունները, թե Ադրբեջանն ուզում է վերացնել հայկական պետությունը, չեն կարող մերկապարանոց համարվել։ Նա հավելել էր, որ նույնիսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հիպոթետիկ ստորագրման դեպքում երաշխիք չկա, որ մի քանի օրից նոր ռազմական գործողություններ չեն սկսվի։