12 հունվարի 2023 - 15:46 AMT
Սնունդը ՀՀ-ում մեկ տարում թանկացել է 10%-ով

Հայաստանում 2022թ. դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, 8.3% գնաճ է գրանցվել։ Իսկ հունվար-դեկտեմբերի հաշվարկներով, նախորդ տարվա համեմատ, երկրում 8.6% գնաճ է գրանցվել։

Վիճակագրական կոմիտեի տվյալները վկայում են, որ ամենաշատը թանկացել է սննդամթերքը։ 2022 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սնունդն ու խմիչքը թանկացել են միջինը 10%-ով։ Երկնիշ տեմպով թանկանում են հացաբուլկեղենը, կաթնամթերքը, միսը, մրգերը և այլ ապրանքներ, գրում է «Հետքը»։

Ամենից շատ թանկացել է հացաբուլկեղենը՝ 14․1%-ով, և միսը՝ 12․3%-ով։

Ապրանքներից և ոչ մեկի գծով գնանկում չի գրանցվել։

2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների հայկական շուկայում արձանագրվել է 7.1% գնաճ: Նույն ընթացքում ծառայությունների սակագներն ավելացել են 7.2%-ով:

Երկրում գրանցվող գնաճի վրա ամենամեծ ազդեցությունն ունենում է սննդամթերքի թանկացումը, քանի որ այն սպառողական զամբյուղում մեծ տեղ է զբաղեցնում: Աղքատության մասին Վիճկոմիտեի պատրաստած զեկույցում ասվում է, որ 2021 թվականի տվյալներով՝ Հայաստանի միջին վիճակագրական ընտանիքն իր ամսական ծախսերի 47.1%-ն ուղղում է սննդին: