13 հունվարի 2023 - 15:08 AMT
Շրջափակման հետևանքով Արցախում 1000-ից ավելի աշխատատեղ է կրճատվել, բիզնեսներ են փակվել

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով ԱՀ շրջափակումը տևում է արդեն մեկ ամսից ավելի, և այդ ընթացքում երկրում 1000-ից ավելի աշխատատեղ է կրճատվել, ժամանակավորապես փակվել են բիզնեսներ։

Այդ մասին «Արցախ։ Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջ-կոնֆերանսի ժամանակ տեղեկացրել է ԱՀ պետական նախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, հայտնում է Արցախպրեսը։

«Նախատեսվում է տնտեսության էականորեն տուժած ոլորտներին որոշակի աջակցություն տրամադրել, նաև տնտեսական կառուցվածքի բարեփոխման աշխատանքներ կիրականացվեն»,-հավելել է Առաքելյանը։

Նա ընդգծել է, որ 2020 թվականի պատերազմից հետո էապես փոխվել է Արցախի տնտեսության կառուցվածքը: 2021-2022 թվականներին տնտեսության հատվածում բազմաթիվ նոր ծախսեր իրականացնելու պատճառով առաջացել են բյուջետային և տնտեսական բազմաթիվ խնդիրներ:

«2023 թվականին պետբյուջեն, որը հաստատվել էր մինչև շրջափակումը, նախանշում էր մոտավորապես 50 մլրդ դրամի սեփական եկամուտների չափ: Սակայն շրջափակման առաջին օրվանից ակնհայտ է, որ հնարավոր չէ ունենալ եկամուտների նման մակարդակ: Եվ արդեն այս 1 ամսվա ընթացքում բազմաթիվ ընկերություններ հնարավորություն չունեն աշխատելու, որը ոչ միայն հարկային եկամուտների էական նվազեցում է առաջացնում, այլ նաև աշխատատեղերի»,-իրազեկել է Առաքելյանը։

Նրա խոսքով՝ պետբյուջեն արդեն իսկ ուղղված էր ճգնաժամային խնդիրների կարգավորմանը։ 2023-ին այն էականորեն փոխելու է իր կառուցվածքը, քանի որ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակն ավելի լուրջ ֆինանսական, տնտեսական մարտահրավերների առաջ է կանգնեցրել։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել է ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։