14 հունվարի 2023 - 12:46 AMT
Սամանտա Փաուեր․ ԼՂ-ում աճում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանտա Փաուերը Twitter-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով մեկ ամսից ավելի շարունակվող Լաչինի միջանցքի շրջափակմանը, գրել է, որ աճում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը։

«Ամեն օր տրանսպորտային միջոցներն ու հումանիտար օգնությունը չեն կարողանում անարգել մտնել Լեռնային Ղարաբաղ։ Աճում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը։ Անհրաժեշտ է վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով»,-գրել է Սամանտա Փաուերը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։