14 հունվարի 2023 - 14:56 AMT
Freedom House-ը կոչ է արել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Freedom House կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, իսկ միջազգային հանրությանը՝ աջակցել դրան:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արդեն մեկ ամիս շարունակվող շրջափակումը մարդասիրական ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական կարևորության պաշարները նվազում են: Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել շրջափակումը»,-ասվում է գրառման մեջ:

Մեկ այլ գրառման մեջ ասվում է․ «Կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել ապաշրջափակմանը և վերադառնալ առանց պարտադրության բանակցությունների: Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, անվտանգությունը և բարօրությունը պետք է ապահովվեն»։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։

Photo. Getty Images