Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է՝ չեն լքի Արցախը, որքան էլ ծանր լինի իրավիճակը:
«Ամեն օր մենք դժվարին, բայց անհրաժեշտ ընտրություն ենք կատարում՝ մնալու և պաշտպանելու մեր հողը։ Միայն այդպես կարող ենք կանխել Արցախը կորցնելու գործընթացը։ Դա նաև հայկական աշխարհի պահպանման երաշխիք է», - ասվում է գրառման մեջ։
Մեկ այլ գրառման մեջ Վարդանյանը նշել է` Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղությունը ձեռք չի բերվում հայերի կյանքի գնով։
«Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսություն վարել այն մասին, թե ինչ է խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի համար։ Բայց մենք երբեք չենք հրաժարվել մեր հայրենիքում՝ Արցախում, արժանապատիվ, ազատ ու անվտանգ ապրելու իրավունքից»,-ասվում է գրառման մեջ:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։
Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։