16 հունվարի 2023 - 15:58 AMT
Փոխնախարարը՝ Ryanair-ի մասին․ Ավիաընկերությունն է ընտրում` երբ և որ ուղղությամբ թռչել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն Ազգային ժողովում, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի Ryanair լոուքոսթերի մասին հարցին, ասել է, որ ամեն ավիաընկերություն ընտրում է՝ երբ և որ ուղղություններով թռիչքներ կատարել։

Խաչատրյանը նշել է, որ ՀՀ իշխանությունը ժամանակին մեծ շուքով նշեց Ryanair-ի մուտքը ՀՀ, որի թռիչքները դադարեցվեցին կորոնավիրուսի պատճառով, սակայն, մեկ տարուց ավելի է, ինչ կորոնավիրուս կարծես չկա, բայց Ryanair-ի վերաբերյալ նորություն չկա, գրում է «Առավոտը»։

«Այն ժամանակ չվերթեր սկսեցին Ryanair-ը և Wizz air-ը։ Վերջինս այս պահին շարունակում է չվերթերը։ Ամեն ավիաընկերություն ընտրում է՝ երբ և որ ուղղություններով թռիչքներ իրականացնել»,-ասել է փոխնախարարը։

Փոխնախարարը նաև հորդորել է Ryanair-ին հարցնել իր բիզնես գործունեության մասին։

Անդրադառնալով հայկական օդանավերի՝ ԵՄ մուտքի արգելքին, որը 2022-ին երկարաձգվեց՝ Արմեն Սիմոնյանն ասել է, որ հայկական ավիաընկերություններից FlyOne-ը չվերթեր իրականացվում է դեպի ԵՄ երկրներ, իսկ ինչ վերաբերում է արգելքին, ՀՀ ժամանած միջազգային գործընկերներն առաջընթաց էին գրանցել նախկինում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ։

«Մենք ԵՄ-ի հետ կնքել ենք ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, որը վավերացվեց դեկտեմբերին։ Դրանով եվրոպական շատ նորմեր կներդրվեն ՀՀ օրենսդրությունում։ Կտևի մոտ 2 տարի։ Չափանիշների համապատասխանեցումը և ՀՀ-ի դուրսբերումը ավիացիոն իշխանությունների սև ցուցակից տեղի կունենա այս ժամկետում»,-ասել է փոխնախարարը։

Խաչատրյանը հակադարձել է, որ FlyOne-ը մոլդովական գրանցում ունի և դա է պատճառը, որ այդ ավիաընկերությունը կարողանում է թռնել ԵՄ երկրներ։

«Ինչ վերաբերում է գրանցմանը, կրկնեմ, որ դեպի ԵՄ երկրներ թռնող հայկական ավիաընկերություններ քաղաքացիների տեսանկյունից գոյություն ունեն։ Իսկ այն, որ գտնվում են սև ցուցակում, դա ոչ այնքան ավիաընկերություններին է վերաբերում, որքան դրանցում ստուգումների գործընթացին, որպեսզի համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Հայտնաբերված թերությունները ԵՄ մասնագետներին թույլ են տվել նման որոշում կայացնել։ Հիսունի կարգի մանր տեխնիկական եւ խոշոր թերություններ են եղել, որոնցից 27-ին այս պահին շտկվել են»,-ասել է փոխնախարարը։

2022-ին ՀՀ օդանավակայաններից մեկնած ու ժամանած ուղևորների թիվը եղել է աննախադեպ՝ 3 միլիոն 697 հազար 539 է։