17 հունվարի 2023 - 11:52 AMT
«Ազատություն»․ ԵՄ-ն մտադիր է դիտորդական նոր առաքելություն ուղարկել ՀՀ առնվազն 2 տարով

Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե 2 ամսով, այլ առնվազն 2 տարով, հայտնում է «Ազատությունը» իր աղբյուրներին հղումով։

Նշվում է, որ դեռ անցած շաբաթ այս նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, իսկ հունվարի 16-ին հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: Ընդ որում, ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ամբողջ տարածքում: Նախորդ առաքելության նման, այս անգամ էլ նրանք անզեն կլինեն:

Թե կոնկրետ քանի դիտորդ է ժամանելու, պաշտոնապես դեռ չի հաղորդվում: Ըստ «Ազատության» տեղեկությունների, սակայն, նոր առաքելության կազմում կլինի մոտավորապես 200 եվրոպացի մասնագետ:

Եվրոպական խորհուրդը 2022-ի հոկտեմբերի 17-ին որոշում էր կայացրել մինչեւ 40 ԵՄ դիտարկման փորձագետներ տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակը դիտարկելու, վերլուծելու և զեկուցելու նպատակով։ Նրանց առաքելությունն ավարտվել է դեկտեմբերի 20-ին։ Սակայն հայտարարվել է, որ դիտարկվում է երկարաժամկետ առաքելության տեղակայման հնարավորությունը։ ՀՀ է այցելել ԵՄ տեխնիկական խումբը, որը գնահատելու է իրավիճակը։