18 հունվարի 2023 - 14:54 AMT
ՀՀ-ում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը

Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ հունվարի 18-ի առավոտյան Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ և Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ Անվտանգության իրավիճակի մանրակրկիտ քննարկումներ կլինեն», - ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։