18 հունվարի 2023 - 16:18 AMT
ՀՀ-ն և Էստոնիան նորագույն տեխնոլոգիաների բնագավառում գործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստանը և Էստոնիան նորագույն տեխնոլոգիաների բնագավառում գործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, որը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ղեկավարած պատվիրակության կազմում էր, և Էստոնիայի ձեռնարկատիրական գործունեության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Քրիստիան Յարվանը։

Նախարարները ստորագրել են՝ «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Էստոնիայի Հանրապետության տնտեսական հարցերի և հաղորդակցության նախարարության միջև նորագույն տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Ստորագրված փաստաթղթով կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը նորագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ աջակցելով թվային տեխնոլոգիաների զարգացման գործում շահագրգիռ պետական և մասնավոր կազմակերպությունների փոխգործակցությանը ամպային տեխնոլոգիաների կիրառման և տվյալների դասակարգման, ինչպես նաև համատեղ գիտահետազոտական գործունեություն իրականացնելու ուղղությամբ: Նպատակ է դրվել նաև աջակցել մեծ տվյալների վերլուծության ոլորտում գործակցությանը՝ խթանելով գիտելիքի փոխանցումը և կարողությունների զարգացումը՝ մասնավոր և պետական կազմակերպությունների ու գիտական շրջանակների ներգրավմամբ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ղեկավարած պատվիրակության կազմում ներկա է գտնվել նաև Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասի հետ հանդիպումներին, ինչպես նաև այցելել է Տալլինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia թվայնացման կենտրոն: