19 հունվարի 2023 - 10:15 AMT
Արցախում անցնում են աշխատանքային ռեժիմի մասնակի սահմանափակումների

Արցախի պետական հաստատությունները հունվարի 19-ից անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի, հայտնում է օպերատիվ շտաբը։

Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման հետևանքով հանրապետությունը հայտնվել է էներգետիկ ճգնաժամում: Ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար՝ հունվարի 19-ից պետական հաստատություններ կայցելեն միայն այն աշխատակիցները, որոնց աշխատանքը պահանջում է գտնվել աշխատավայրում:

Հնարավորության դեպքում կկատարվեն նաև որոշակի խտացումներ՝ էլեկտրաէներգիան առավելագույնս ռացիոնալ օգտագործելու նպատակով: Մյուս աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունները կկատարեն հեռավար եղանակով:

Հանրապետությունում ներկայումս էներգամատակարարում իրականացվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին։

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել էր Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս մասնագետներին մոտենալ և հասկանալ պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Հունվարի 17-ից Ադրբեջանն անջատել է նաև Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը: Ձմռան պայմաններում Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է էներգամատակարարումից և գազամատակարարումից: