19 հունվարի 2023 - 11:38 AMT
Փաշինյան․ Հրեշավոր դեպք է եղել, նախնական տվյալով` զորամասում փորձել են վառարանը վառել բենզինով, ինչն արգելված է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետևանքով բազմաթիվ զոհերին, ասել է, որ հրեշավոր դեպք է կատարվել։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը։

Զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ ըստ ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալների, դեպքը տեղի է ունեցել հակահրդեհային կանոնների խախտման հետևանքով։

ԱԻՆ տվյալներով, հրդեհը հաջողվել է մարել միայն 5 ժամ անց։

ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ նախնական տվյալներով, զորամասի տարածքում օգտագործվել է բենզին, մեծ քանակությամբ, որն էլ դարձել է ողբերգության պատճառ։

Փաշինյանը հավելել է, որ նախնական տվյալներով, բենզինի 5 լիտրանոց տարայի օգնությամբ փորձել են վառարանը վառել, բենզինը որպես կպչան օգտագործվելով, հետո, երբ հրդեհը բռկվել է, տարան նետվել է կացարանի ուղղությամբ, հավանաբար, ոչ միտումնավոր, կրակից հեռացնելու նպատակով։

Վարչապետը նաև նշել է, որ որոշում է կայացվել պաշտոնանկությունների մասին և ՀՀ նախագահն արդեն ստորագրել է հրամանագրերը։

Փաշինյանը նշել է նաև, որ հասկանալի է, որ այդ կացարանները ստեղծվել են 2020-ի պատերազմից հետո և սովորական կացարաններ չեն, սակայն, դա չի նշանակում, որ հակահրդեհային կանոնները պետք է խախտվեն։

Նա հիշեցրել է, որ 2022-ի դեկտեմբերի 21-ին ԶՈւ ԳՇ պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրությունը` «ԶՈւ–ում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին», որտեղ հստակ հրահանգ է տրված, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար։

«7-րդ կետում նշվում է, որ պետք է խստիվ արգելել վառարանների համար բենզինի և դյուրավառ հեղուկների կիրառումը։ Այսինքն`այս հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտար չունենալ այս դեպքը»,-ասել է նա։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից, նախնական տվյալներով, 15 զինծառայող է զոհվել, ևս 3-ի վիճակը ծանր է։