20 ապրիլի 2009 - 18:43 AMT
Երեւանում կայացել է «Մինչեւ հոգիների աճուրդը» գրաֆիկական վեպի շնորհանդեսը
Երեւանում կայացել է «Մինչեւ հոգիների աճուրդը» (Prior to the Auction of Souls) գրաֆիկական վեպի շնորհանդեսը: Վեպը պատմում է Արշալույս Մարդիգանյան անունով 16-ամյա աղջկա մասին, որին հաջողվել է փրկվել Հայոց ցեղասպանությունից եւ հայտնվել ԱՄՆ-ում:

«Այս գրաֆիկական վեպը ստեղծվել է «Հոգիների աճուրդ» ֆիլմի հիման վրա, որը նկարահանվել է 1918թ. ԱՄՆ-ում, իսկ ինքը ֆիլմը ստեղծվել է Արշալույս Մարդիգանյանի «Խոշտանգված Հայաստան» գրքի մոտիվներով, որում հեղինակը պատմում է իր ընտանիքի պատմության մասին»,- ասել է «Սոցիալական եւ մասնագիտական առաջընթաց» հիմնադրամի տնօրեն Սոսի Կեւոնյանը: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության մասին հրատարակվել են մի քանի տասնյակ գրքեր, այդ իսկ պատճառով որոշվեց դիմել գրաֆիկական ժանրին: Կեւոնյանը, որը հանդիսանում է գրքի հրատարակման հովանավորը, նշել է, որ այն հրապարակվել է դեռեւս միայն անգլերեն լեզվով եւ հիմնականում ուղղված է արտասահմանյան ընթերցողների շրջանում Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակը բարձրացնելուն:

Վեպի սցենարի հեղինակ եւ նկարիչ Տիգրան Մանգասարյանն ընդգծել է, որ գրաֆիկական վեպի ընթերցման ժամանակ ընթերցողը կկարողանա ժամանակ խնայել եւ առավել հստակ պատկերացնել նկարագրվող իրադարձությունները: