19 հունվարի 2023 - 16:35 AMT
Կանադայի խորհրդարանի կոմիտեում քննարկմանը կհրավիրվեն Արցախի ներկայացուցիչները

Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հատուկ նիստում, որը նվիրված էր Արցախի շրջափակմանը, որոշվել է իրավիճակի շուրջ իրազեկվելու համար քննարկման հրավիրել ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին և ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին։

Համապատասխան որոշման մեջ օգտագործված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։

Նշվում է, որ նիստը կայացել է ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում և խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ջանքերով։

Հունվարի 18-ին կայացած նիստի արդյունքում որոշվել է Արցախի շրջափակման հարցով ևս երեք նիստ գումարել։

«Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակման և արտաքին աշխարհից մեկուսացման պայմաններում սույն որոշումն իր բնույթով բացառիկ է ոչ միայն այն պատճառով, որ կանադական խորհրդարանական հանձնաժողովն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը, այլ նաև քննարկման է հրավիրում Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին։ Սա Արցախի միջազգային սուբյեկտայնության բարձրացման նոր դրսևորում է, ինչի շուրջ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը տևական շրջան աշխատանքներ է իրականացնում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։