19 հունվարի 2023 - 17:20 AMT
Վիրավորված զինվորին վիրահատել են․ Կյանքը հաջողվել է փրկել

Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին Արարատի բժշկական կենտրոնում վիրահատել են։ Նրա կյանքը, ինչպես նաև ոտքը հաջողվել է փրկել։ Այդ մասին հայտնել է Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է Երևան, հայտնում է Araratnews.am-ը։

«Եվ կյանքը, և ոտքը հաջողվեց փրկել։ Հոսպիտալի բժիշկները ժամանակին հասան, իրենք վիրահատեցին, իրենք էլ տարան Մուրացանի զինվորական հոսպիտալ»,-ասել է նա։

Սարդարյանը նշել է, որ, որ վնասվել էին զինծառայողի ոտքի աճուկային շրջանի անոթները։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն: